Բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք, հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։
«Հոկտեմբերի 27-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, Վ.Ա-ն և Գ.Ա-ն վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրիի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից հայտնում են, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Վ.Ա-ն և Գ.Ա-ն ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» և «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։