Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով զոհվածները ԵԿՄ անդամներ են, հայտնել է Երկրապահ կամավորականների միության վարչությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ փետրվարի 12-ին, նախնական տվյալներով, հանկարծամահ եղած 1984 թվականին ծնված Գոռ Ասատրյանը նույնպես երկրապահ կամավորական էր։
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։ ՀՀ ԱԳՆ դատապարտել էր Ադրբեջանի կողմից Ներքին Հանդ գյուղի գնդակոծությունը՝ Ադրբեջանի այս գործողություններն անվանելով Հայաստանի դեմ ուղղված ռազմական սադրանք, կոչ էր արել Բաքվին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից և վերադառնալ բանակցություններին։
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: