Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում կտեղադրի թափոնամաններ, որտեղ հնարավոր կլինի շշերը գցել, բայց հանել հնարավոր չի լինի․ շշերը հնարավոր կլինի հանել միայն հատուկ «Վոլվո» մեքենաներով, ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Վերամշակվող թափոնների համար նախատեսված 930 աղբամանները Երևանում են։ Դրա հետ մեկտեղ՝ ստացել ենք երկու «Վոլվո» բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, որով իրականացվելու է նաև ապակյա շշերի, թափոնամանների դատարկումը, տեղափոխումը։ Ապակյա շշերի թափոնամանների հետ կապված վատ սովորություն կար, քանի որ դրանք ծավալներով փոքր էին, թափոնամանների և թափոնամանների մեջ եղած շշերի բազմաթիվ գողության դեպքեր ունեինք»,- ասել է Բեգոյանը։
Նրա խոսքով՝ թափոնամաններն ու ավտոմեքենաները ձեռք են բերել Եվրամիության դրամաշնորհային ծրագրով։
«Ուսումնասիրելով մեր կատարած աշխատանքը և բարձր գնահատելով դրանց արդյունավետությունը՝ ԵՄ ծրագրով շուրջ 1 մլն եվրոյի դրամաշնորհ ստացանք, որի շրջանակներում մեզ հատկացվեցին նոր տեսակավորվող աղբամաններ և որոշակի տեխնիկա՝ դրանց օգտագործման համար»,- հավելել է նա։