Սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքական ուժերի հետ հանդիպմանը հայտնել է, որ վարչապետի թեկնածուն հենց ինքը պետք է լինի, քանի որ ցանկացած այլ թեկնածուի դեպքում կա վտանգ, որ շարժումը կձախողվի, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Մայիսի 16-ին Սրբազանը հայտնել էր, որ հանդիպել է «Հայաքվե» նախաձեռնության, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, Սուրեն Սուրենյանցի և այլ ուժերի հետ։ Թերթի տեղեկություններով՝ քաղաքական ուժերը համաձայնել են Սրբազանի առաջարկին։
«Մեզ ասացին, որ բոլոր ուժերը հանել են իրենց թեկնածությունների քննարկման հարցը»,- մանրամասնել է թերթը և հավելել, որ հանդիպումները կայացել են Երևանի կենտրոնում՝ «Երևան փլեյս» հյուրանոցում:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ այս գործընթացում Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվում են նաև մայիսի 16-ին։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։