Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, լրագրողներին և շարժման աջակիցներին ոստիկանական ուժերն արգելել են մուտք գործել բնակավայր, կան բերման ենթարկվածներ։
Ոստիկանները, ներառյալ ոստիկանության հատուկ ուժերը, հղում անելով Ազգային անվտանգության ծառայության մայիսի 19-ի հայտարարությանը՝ նշել են, որ բնակավայր մուտքը սահմանափակվել է անվտանգության նկատառումներով, քանի որ այնտեղ աշխատանքներ են իրականացվում։ Նրանք չեն հստակեցրել, թե ինչ աշխատանքների մասին է խոսքը։ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ մայիսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը, իսկ սահմանազատման աշխատանքները մոտենում են ավարտին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Կիրանցում առավոտից սահմանազատանն առնչվող գործողություն է կատարվել։
«Կիրանցում ևս մի քանի սահմանային սյուն է տեղադրվել։ Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են, բայց մենք դաշտերով, ձորերով հասել ենք Կիրանցի մատույցներ։ Մեր կյանքին վտանգ է սպառնացել, օդում անգամ ԱԹՍ-ներ կային։ ՀՀ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, բոլոր ուժայինները մեզ հետապնդում էին»,- պատմել է պատգամավորը։
Բագրատ Սրբազանը լրագրողներին հայտնել է, որ պատրաստ են ճանապարհին մնալ այնքան, որքան հարկավոր է։
«Իմ դիմաց թուրքերն անգամ Կիրանցի մուտքը չեն փակել»,- լրագրողներին ասել է Սրբազանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը լրագրողներին պատմել է, որ դեպի Կիրանց տանող ճանապարհին ոստիկանական մի քանի շղթաներ կան։
«Իբր մեզ պաշտպանում են ինչ-որ վտանգից, մինչդեռ այս գործողություններով ադրբեջանական զորախմբերի համար անվտանգություն են ապահովում։ Հայաստանի խորհրդանշաններն իրենց համազգեստի վրա կրող անձինք հայ մարդու ճանապարհն են փակում»,- ասել է Կրպեյանը։
16։00-ի դրությամբ Կիրանցի ճանապարհը դեռ փակ է ոստիկանական ուժերի կողմից։ «Ազգայի ճակատը» հայտնել է, որ քաղաքացիներին և ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ոստիկանական շղթան և մոտենալ Բագրատ Սրբազանին։
Ավելի ուշ «Ազգային ճակատը» տեղեկացրել է, որ Սրբազանը, չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման պաշտոնական տվյալներով մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։ ԱԱԾ-ն մայիսի 19-ին սահմանափակել էր Կիրանցում հաշվառում չունեցողների մուտքը բնակավայր։
Մանրամասները՝ տեսանյութերում։