Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև մեծ բախում է տեղի ունեցել, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները ոստիկանությանը մեղադրել են Պռոշյան փողոցում իրենց կողմնակիցներին բերման ենթարկելու սադրանքի մեջ և պահանջել բացել ԱԺ շենքի մուտքը: Դրանից հետո իրավիճակը սրվել է, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել։
Ոստիկանությունը մահակներ է կիրառել, ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանության ուղղությամբ շշեր են նետվել։ Մեր թղթակցի փոխանցմամբ՝ իրավապահները նաև ձերբակալություններ են իրականացրել։ Մոտ 10 րոպե տևած բախումներից հետո այս պահին խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը կայունացել է։
Armenia Today-ին ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել էր, որ բերման է ենթարկվել 42 քաղաքացի։
Շարժումը երրորդ օրն է՝ շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԺ շենքի մոտ հավաք է, որին զուգահեռ Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ-Կառավարության հարցուպատասխանը, որին մասնակցում է նաև Փաշինյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակ պահելով Բաղրամյան պողոտան։