Ադրբեջանցիները հուլիսի 23-ին հնձել են կիրանցեցիների ցանած հացահատիկը, Facebook-յան էջում գրել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Նա հիշեցրել է, որ ադրբեջանցիները նույն արել են նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
«Կիրանցում մարդիկ հիշել էին թե ինչպես էին արցախյան 1-ին պատերազմի տարիներին թույլ տվել, որ ադրբեջանցիները հայկական տարածքով անցնեն և հնձեն իրենց ցանած հացահատիկը։ Հիշել էին, որովհետև ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»,- գրել է Վարդանյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։
ՀՀ կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։