«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Երևանի բնակիչների հետ հանդիպումներն ուղեկցվում են ուժայինների հսկողությամբ, հանդիպումներից առաջ զորք է տեղակայվում թաղամասերում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ Ներքին գործերի նախարարությունը ժամեր առաջ է տեղակայում իր աշխատակիցներին այն հատվածներում, որտեղ արքեպիսկոպոս հավաք պետք է իրականացնի։ Ոստիկանական զորքին, ըստ աղբյուրի, վերահսկում է կարմիրբերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը։
«Օպերատիվ համարներով մեքենաներ են շրջում, որոնց միջից հեռախոսներով տեսանկարահանում են ցույցի մասնակիցներին։ Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում սկզբից մինչև վերջ Ջոմադյանը սրճարանից քաղաքացիական հագուստով հսկում է հավաքը»,- հավելել է թերթը։
Օրաթերթին աղբյուրները հայտնել են, որ Ջոմադյանն այդ սրճարանի հավատարիմ այցելուներից է։
«Ջոմադյանի լուսանկարը փակցված էր սրճարանի պատին, որն արքեպիսկոպոսը պոկել է»,- գրել է թերթը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։