Կիրանցում սահմանազատման հետևանքով իրենց ունեցվածքից զրկված մոտ 80 բնակչից 7-ը հրաժարվել է կորցրածի դիմաց պետության առաջարկած փոխհատուցումից, և մտադիր է դատական գործընթաց սկսել, Armenia Today-ին հայտնել է Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը։ Վերջինս պատմել է, որ թեև բնակիչների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, սակայն նրանք շարունակում են հրաժարվել փոխհատուցումից։
«Փոխհատուցումից հրաժարվելու պատճառն այն դիմումի ձևն է, որն ստորագրելով՝ հրաժարվում են իրենց ունեցվածքից։ Ըստ դիմումի՝ պետք է խնդրեն դադարեցնել իրենց իրավունքներն իրենց պատկանող տարածքների նկատմամբ, ինչին մարդիկ չեն համաձայնվում։ Ասում են՝ մեր սեփական տարածքներն են, կադաստրով հաստատված մեր պապական հողերն են, որոնցից չենք հրաժարվում։ Նաև ասում են, որ կարող են փոխհատուցում տրամադրել միայն մեկ պայմանով՝ եթե դիմումը ոչ թե ներկայիս տեսքն ունենա, այլ լինի «Ադրբեջանի կողմից տարածքները բռնակցելու բովանդակությամբ»։ Մարզպետարանը, սակայն, նման բովանդակությամբ դիմումին համաձայն չէ»,- նշել է ավագանու նախկին անդամը։
Ղազարյանը հայտնել է, որ փոխհատուցման տարբեր թվեր են շրջանառվում, որոնք ամենևին փոքր չափով չեն։
«Խոսքը մեծ թվերի մասին է։ Սկզբից խոսակցություն կար, որ 1 քառակուսի մետրի համար պետք է 3 դոլարին համարժեք դրամ տան, բայց երբ տեսնում ենք փոխհատուցում ստացածների ձեռք բերած գույքերի քանակն ու տեսակները, եզրակացնում ենք, որ 1 քառակուսի մետրի համար ոչ թե 3, այլ 30, նույնիսկ 40 դոլար է հատկացվել»,- հավելել է նա։
Ղազարյանի խոսքով՝ փոխհատուցում չստացած բնակիչները հետապնդումների են ենթարկվում։
«Ոչ միայն քաղաքական, այլև իրավական հետապնդումների են ենթարկվում։ Լարված է իրավիճակը նաև փոխհատուցում ստացածների և դրանցից հրաժարված բնակիչների միջև։ Մարդկանց մեջ պառակտում կա՝ ստացողներին մեղադրում են հայրենիքը վաճառելու, չստացողներին՝ պատերազմ հրահրելու մեջ»,- նշել է Ղազարյանը։
Նա հայտնել է, որ փոխհատուցումից հրաժարված բնակիչները մտադիր են դատական կարգով վերահաստատել իրենց իրավունքները, բայց հայցեր դեռ չեն ներկայացրել։
«Որոշել են դատարանով վերահաստատել, որ այդ տարածքների միանձնյա սեփականատեր են հանդիսանում և ոչ ոք իրավունք չունի խլել իրենց սեփականությունը»,- եզրափակել է Ղազարյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։