ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է տարին՝ անդրադառնալով մի շարք հարցերի:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ չնայած մի շարք դժվարություններին, 2021 թվականը մեդալառատ է ստացվել: Անցնող տարում մեր մարզիկներն ընդհանուր առմամբ 199 մեդալ են նվաճել, ինչը բավականին լավ արդյունք է.
«Ավելորդ է նշել, թե որքան բարդ էր այն ժամանակահատվածը, որ բաժին էր ընկել մեզ: 2021 թվականը պատերազմի և համավարակի արհավիրքների տարուն հաջորդող տարի էր: Բազմաթիվ խնդիրներ ունեինք, բյուջեի կրճատման, մրցումների մասնակցության խնդիր կար, սակայն մենք ոչ միայն մեր մարզիկներին չենք զրկել որևէ մրցման մասնակցելու հնարավորությունից, այլև Օլիմպիական խաղերից հետո շատ խոշոր գումարով աջակցել ենք ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, գեղասահքի և դահուկային սպորտի ֆեդերացիաներին, որպեսզի կարողանան տարին բարձր մակարդակով ավարտել:
Ինչքան էլ՝ դժվար էր, ամեն դեպքում մեզ համար շատ ուրախալի էր, որ մեդալների քանակով 2021 թվականը զիջում է միայն 2019 առատ տարվան: Ի տարբերություն 2019 թվականի, այս տարի չեն կայացել մի քանի տասնյակ մրցումներ: Չնայած դրան՝ կարողացել ենք Օլիմպիական խաղերում, պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 199 մեդալ նվաճել: Սա շատ բարձր արդյունք է»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ 2021 թվականին հսկայական ավելացումներ են արվել Կառավարության կողմից՝ մարզիկների նպաստների և աշխատավարձերի համար: Նախկին 157 մլն դրամի փոխարեն Կառավարությունը 2021 թվականին այդ նպատակով հատկացրել է 652 մլն դրամ:
Կարեն Գիլոյանը նաև հայտնել է՝ ինչ փուլում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզահամալիրների կառուցման աշխատանքները։ Նրա խոսքով՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի աշխատանքների 15-20 տոկոսն արդեն արված է, այն հսկայական կառույց է լինելու, ծախսվելու է 4 մլրդ 800 մլն դրամ, հնարավոր է՝ պատրաստ լինի 2024-ին: Հայաստանի սպորտային մայրաքաղաք Գյումրին պատրաստ կլինի մրցումներ ընդունել: Նա հայտնել է, որ սկսվել են նաև Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի աշխատանքները։