Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Այս մասին ասված է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության՝ Armenia Today-ին ուղարկված հաղորդագրությունում։
Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր:
Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները: Հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա+1 աղջիկ) վարժությունում էլ 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր:
Հրաձիգները հանդես են եկել նաև ատրճանակ ձևում և գրանցել հետևյալ արդյունքը․ անհատական պայքարում Արմեն Գևորգյանը գրավել է վեցերորդ տեղը, Էդիտա Մանուչարյանը՝ հինգերորդ, իսկ թիմային պայքարում Գևորգյանն ու Մանուչարյանը զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը։
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները, զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, հայ մարզուհիները 7 հանդիպում էին անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 4 պարտություն:
Հիշեցնենք՝ մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից: 19 մարզաձևերում խաղարկվել է մեդալային 273 հավաքածու: