Նպատակ ենք դրել, որ ՀՀ ներկայացուցիչը նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին ընդունելիս: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Պիտի միանգամից ասեմ, որ սա մեզ համար պետական քաղաքականություն է, որովհետև ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ մենք խնդիր ենք դրել, նպատակ ենք դրել, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը պետք է նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:
Եվ մենք հիմա փնտրում ենք թեկնածուներ, թե ովքեր են այդ մարդիկ, որովհետև, բարեբախտաբար, թե դժբախտաբար կառավարությունը, նախարարները, փոխնախարարները դա դժվար կարողանան անել, և մեզ պետք են թեկնածուներ, որպեսզի աջակցենք այդ թեկնածուներին, որպեսզի այդ նպատակն իրագործելի լինի:
Ես չեմ ուզում, որ այդ նպատակներն անիրատեսական դիտվեն, որովհետև Հայաստանի շախմատի պատմությունն արդեն օբյեկտիվ իր նպաստը բերել է, և մնում է, որ մենք նաև ճիշտ քաղաքականություն վարենք և այդ քաղաքականությունն իրականացնենք»,- ասել է Փաշինյանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շախմատի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել մեր երկրում շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունների, պետության կողմից ոլորտի խթանման ծրագրերի շուրջ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ամեն կերպ աջակցել շախմատի և ընդհանրապես սպորտի զարգացմանը:
Հիշեցնենք, որ Մարիամ Մկրտչյանը նոյեմբերի 13-ին նվաճել է Անթալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը Այս մասին հայտնում են Հանրային հեռուստատեսության մամուլի ծառայությունից։
Նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը սև ֆիգուրներով պարտության է մատնել իռլանդացի Տրիշա Կանյամարալային և 7.5 միավորով գլխավորում է շախմատային մրցաշարի աղյուսակը։ Մոտակա 4 հետապնդողները հետ են նրանից 1.5-ական միավորով։