Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ կառավարությունն էլ է միանալու բողոքարկման գործընթացին:
«Սպասում ենք գրավոր պատասխանին, որը կկցվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքին և կուղարկվի համապատասխան ատյաններին: Վստահեցնում եմ՝ կփորձենք վերականգնել արդարությունը»,- ասել է Գիլոյանը:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոնը հույս է հայտնել, որ արդարությունը կվերականգնվի:
«Այն զգացողությունն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կար: Գիտեմ, որ բողոքարկում է եղել: Հուսամ՝ արդարությունը կվերականգնվի»,- նշել է Ալեքսանյանը:
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերում Ալեքսանյանը եզրափակչում 4։1 հաշվով զիջել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Նույն օրը 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը 4։10 հաշվով պարտվել էր Իրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։