Անարդարություններից շատ եմ հիասթափվել, բայց դեռ կմնամ ըմբշամարտում, հուսամ՝ արդարությունը կվերականգնվի, ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ Օլիմպիական խաղերում իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիի հետ մենամարտն այսպես է մեկնաբանել Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով եզրափակչում 4։1 հաշվով զիջել էր իրանցի մարզիկին և դարձել արծաթե մեդալակիր։
Ալեքսանյանը մանրամասնել է մենամարտն ու հայտարարել մրցավարների կողմնակալության մասին։
«Ոսկե մեդալի համար էի եկել, բայց բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց իմ գոտեմարտի ժամանակ: Դրվագներից մեկում իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել, և ես մարզիչներին ասացի, որ բողոքարկեն: Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ: Չկար լարվածություն, քանի որ սա իմ 2-րդ եզրափակիչն էր և 4-րդ Օլիմպիական խաղերը: Պարզապես այսպիսի մրցաշարերում, այն էլ՝ եզրափակչում, անգամ թեթև մանրուքները կարող են լուրջ հարցեր լուծել»,- ասել է Ալեքսանյանը:
Չեմպիոնի խոսքով՝ թեև մրցավարական կողմնակալություններն ու անարդարությունները հիասթափեցնող են, բայց չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան։
«Այս անարդարություններից շատ եմ հիասթափվել, բայց դեռ կմնամ ըմբշամարտում: Ընդ որում՝ կողմնակալությունները միայն իմ դեպքում չէին: Սլավիկ Գալստյանը մաքուր հաղթանակ տարավ, մրցավարն արձանագրեց հաղթանակը, ու նա կարող էր դուրս գալ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, բայց այսօր նա մնաց առանց մեդալի, քանի որ ինչ-ինչ պատճառներով գոտեմարտի արդյունքը փոխվեց: Նույնն Արսեն Հարությունյանի պարագայում էր: Այն զգացողությունն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կար: Գիտեմ, որ բողոքարկվել է: Հուսամ՝ արդարությունը կվերականգնվի»,- ասել է Ալեքսանյանը:
ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքները։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:
Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Նույն օրը Գալստյանը 4։10 հաշվով պարտվել էր Իրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։