Ուրախ եմ, որ կարողանում եմ բարձր պահել թե՛ հայ, թե՛ եզդի ազգի պատիվը, Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ հանդիպմանը նշել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։
«Անկասկած, բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական չեմպիոն: Ես Փարիզ էի եկել ոսկե մեդալի հետևից, բայց այս անգամ բավարարվեցի բրոնզով: Օլիմպիական խաղերի մթնոլորտը հիանալի էր. կարծես՝ տոն լիներ, մեծ էներգիա էինք ստանում: Օլիմպիական ավանում տարբեր ապրումների էինք ականատես լինում՝ թե՛ հաղթողների, թե՛ պարտվողների: Սպորտային կյանքը կարճ է, և այս պահերը միշտ մնալու են մեր հիշողության մեջ»,- ասել է Ամոյանը։
Մալխաս Ամոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և աջակցության համար. «Ուրախ եմ, որ կարողացա Հայաստանի համար մեդալ նվաճել։ Կփորձեմ հետագայում է՛լ ավելի լավ ներկայանալ»:
33-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
«Բոլոր գոտեմարտերի ժամանակ մարզադահլիճում զգացել ենք մեր հայրենակիցների աջակցությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Դուք իսկապես մեզ ուժ եք տալիս: Ֆրանսիայում 2017 թվականին դարձել եմ աշխարհի չեմպիոն և թե՛ այդ ժամանակ, թե՛ հիմա զգացել եմ մեր հայրենակիցների ջերմությունն ու աջակցությունը: Հիշում եմ՝ աշխարհի առաջնության ժամանակ տպավորություն էր, թե Երևանում եմ գոտեմարտում, քանի որ հայերը մարզադահլիճում մեծ թիվ էին կազմում: Նույն զգացողությունն այստեղ եմ ունեցել և շատ շնորհակալ եմ»,- ասել է Ալեքսանյանը:
Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքները։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:
Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Նույն օրը ըմբիշ Սլավիկ Գալստյանը 4։10 հաշվով պարտվել էր Իրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։