Ֆրանսիայում գտել են սերիական մարդասպանի և բռնաբարողի, որին 35 տարի հնարավոր չի եղել բռնել: Պարզվել է, որ նա նախկին ոստիկան է: Վերջինս ինքնասպան է եղել և գրություն թողել, որտեղ խոստովանել է իր կատարած հանցագործությունները։ Այդ մասին գրում է Meduza-ն։
Հանցագործին 1986 թվականից որոնում են։
Սա Փարիզի ոստիկանության ամենահին չբացահայտված գործերից մեկն էր: Ինքնասպանություն գործած 59-ամյա նախկին ոստիկան Ֆրանսուա Վերովը խոստովանել է հանցագործությունները։
Հանցագործը գործել է Փարիզում 1980-90-ականներին: Նրա մասին սկսել են խոսել, երբ 1986 թվականին 11-ամյա Սեսիլ Բլոկին մահացած են գտել տներից մեկի նկուղում: Ենթադրվում էր, որ հանցագործն աղջկա հետ մտել է վերելակ, ստիպել նրան իջնել նկուղ, որտեղ բռնաբարել և սպանել է նրան:
Հետագայում նրա հետ է կապվել ևս երեք մարդու սպանության դեպք` Փարիզի 38-ամյա բնակիչ Ժիլ Պոլիտիի և տնտեսության գծով նրա օգնական 20-ամյա գերմանացի Իմգարդ Մյուլերի` 1987 թվականին, և 19-ամյա Կարին Լերոյի` Փարիզի արվարձանից: Ենթադրվում է նաև, որ տղամարդն առնվազն վեց բռնաբարություն է կատարել: Նրանց թվում են եղել 11 և 14 տարեկան աղջիկներ: Տուժածներից ոմանք հայտարարել են, որ բռնաբարողը ներկայացել է որպես ոստիկան:
1994-ից հետո նախկին ոստիկանի նոր հանցագործություններն անհայտ էին: Բայց իրավապահ մարմինները շարունակել են փնտրել նրան և որոշել են ստուգել 750 ոստիկանների, որոնք աշխատել են Փարիզում այն տարիներին, երբ Վերովը գործում էր այնտեղ: Հանրապետական գվարդիայում ծառայող Ֆրանսուա Վերովը, որն այնուհետև տեղափոխվել է անչափահասների հետ աշխատանքի համար ոստիկանության ստորաբաժանում, նույնպես ուշադրության է արժանացել:
Թոշակի անցնելուց հետո Վերովը տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ:
Սեպտեմբերի 29-ին Վերովը պետք է ներկայանար ոստիկանություն` ԴՆԹ-ն սերիական մարդասպանի ԴՆԹ-ի հետ համեմատելու համար: Նույն օրը Ֆրանսիայի հարավում գտնվող Le Gros-du-Roi հանգստավայրում տղամարդու դի է հայտնաբերվել: Նա ինքնասպան է եղել դեղորայքի մահացու չափաբաժնով: Ինքնասպանությունից երկու օր առաջ Վերովը հանել է իր հաշիվներից եղած ամբողջ գումարը և Airbnb ծառայության միջոցով բնակարան վարձել Լե Գրո-դյու-Ռյայում: Նրան սկսել են փնտրել հարազատների խնդրանքով, որոնք ահազանգել են, թե տղամարդը տնից դուրս է եկել և դադարել է կապի դուրս գալ:
Վերովը մինչ իր մահը գրություն է թողել: Դրանում նա հայտարարել է, որ «նա այն մեծ չարագործն էր, որն աններելի արարքներ է գործել մինչև 1990-ականների վերջը»: Վերովը սպանություններն ու բռնաբարությունը վերագրել է մանկության «մղումներին»: Ըստ նրա նամակի՝ հանցագործություններ կատարելու ժամանակահատվածում նրա «կյանքում ամեն ինչ վատ է եղել», բայց նրան հաջողվել է «հանգստացնել իր դևերին», երբ ամուսնացել է և երեխաներ ունեցել: Վերջում Վերովը գրել է, որ որոշել է ինքնասպան լինել, որպեսզի թեթևացնի իր ընտանիքի անդամների վիճակը:
Գրության մեջ Վերովը չի ընդունել, որ ինքը հանցագործ է և չի տվել իր զոհերի անունները: Այնուամենայնիվ, Փարիզի դատախազությունը հայտնել է, որ նրա ԴՆԹ-ի անալիզի արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված ԴՆԹ-ի հետ համընկնում կա:
Փաստաբան Դիդյե Սեբանը, որը ներկայացնում էր Սեսիլ Բլոկի ընտանիքը և սերիական մարդասպանի մի քանի այլ զոհերի, ասել է, որ իմանալով նրա ինքնասպանության մասին՝ նրանք զգացել են և՛ թեթևության, և՛ դառնության զգացում: «Մենք չենք պարզի այն ամենը, ինչ արել է նա, և շատ ընտանիքներ հավանաբար սպասում են բացատրության: Մենք գիտենք մի շարք սպանությունների և բռնաբարությունների մասին, բայց կարծում ենք, որ կան նաև ուրիշներ»,- ասել է Սեբանը: