Ավստրիայի նոր կանցլեր կդառնա դիվանագետ Ալեքսանդր Շալենբերգը, որը ղեկավարում էր երկրի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնաթող Սեբաստիան Կուրցի կառավարությունում, հաղորդում է DW-ն:
Հոկտեմբերի 10-ի երեկոյան Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, խոսելով Վիեննայում լրագրողների հետ, հաստատել է, որ հոկտեմբերի 11-ին կլինի նրա երդմնակալությունը:
«Կառավարության ներկայիս ճգնաժամն ավարտված է: Մեր երկրի օգտին աշխատանքը կարող է շարունակել»,- ասել է Ավստրիայի պետության ղեկավարը:
Սեբաստիան Կուրցը, որի դեմ կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանք էր առաջադրվել, հոկտեմբերի 9-ի երեկոյան հայտարարել է Ավստրիայի կանցլերի պաշտոնից հեռանալու մասին:
Իրավաբան և պրոֆեսիոնալ դիվանագետ Ալեքսանդր Շալենբերգը 52 տարեկան է և տիրապետում է մի քանի օտար լեզուների: Ենթադրվում է, որ նա շատ հարցերում Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցի քաղաքականության աջակիցն է, հատկապես երբ խոսքը վերաբերում է միգրացիոն խնդիրներին:
Հոկտեմբերի 9-ի երեկոյան կոռուպցիայի մեջ մեղադրվող Սեբաստիան Կուրցը հայտարարել է Ավստրիայի կանցլերի պաշտոնից հեռանալու մասին: Նա պատրաստվում է ղեկավարել Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ANP) խմբակցությունը երկրի խորհրդարանում: Կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին հայտարարելով՝ Կուրցն ասել է, որ Ալեքսանդր Վան դեր Բելենին առաջարկել է Ալեքսանդր Շալլենբերգի՝ որպես իր իրավահաջորդի թեկնածությունը:
Ավելի վաղ Ավստրիայի դատախազությունը հաստատել էր, որ հետաքննություն է վարում Կուրցի և վստահության չարաշահման և կոռուպցիայի մեջ կասկածվող 9 այլ անձանց նկատմամբ: Ըստ հետաքննության տվյալների՝ 2016-2018 թվականներին Ավստրիայի ֆինանսների նախարարությունը բյուջետային միջոցներով կատարել է Ավստրիայի թերթերից մեկում գովազդային հայտարարությունների ֆինանսավորումը՝ Կուրցի կուսակցությանը ձեռնտու հասարակական կարծիքի հարցումներ տեղադրելու դիմաց: Ենթադրվում է, որ դա այն ծրագրի մի մասն էր, որը թույլ էր տալիս Կուրցին նախ գալ իշխանության ANP-ում, իսկ հետագայում զբաղեցնել կանցլերի պաշտոնը: