Ֆրանսիան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքին մեղադրել է մարդկանց կազմակերպված առևտրի մեջ։ Ըստ ֆրանսիական կողմի՝ Լուկաշենկոյի հարազատները նպատակաուղղված կերպով կազմակերպում են միգրանտների ուղևորությունները, որոնք ժամանում են Բելառուս։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր եվրոպական գործերի պետական քարտուղար Կլեման Բոնը՝ չնշելով կոնկրետ անուններ:
Նրա խոսքով՝ բելառուսական կողմի նպատակն է թուլացնել և պառակտել ԵՄ-ն։ Բոնը կարծում է, որ Լուկաշենկոն ցանկանում է ԵՄ-ին ծուղակը գցել՝ պնդելով, որ Եվրոպան խախտում է սեփական սկզբունքները։
Մայիսին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկն այլևս հետ չի պահի փախստականներին ԵՄ երկրներ ճանապարհորդելուց: Դրանից հետո կտրուկ ուժեղացել է անօրինական միգրանտների հոսքը, առաջին հերթին՝ Լիտվա, իսկ հետո՝ Լեհաստան։ Լեհաստանի և Բելառուսի սահմանին հակամարտության հետևանքով արդեն մի քանի միգրանտ Է զոհվել։ Բրյուսելը Մինսկին մեղադրել է միգրացիոն ճգնաժամ հրահրելու մեջ՝ ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք Եվրոպան սահմանել է Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ:
Սեպտեմբերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է դիմակայել «հիբրիդային հարձակմանը»: ԵՄ-ն պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում Լուկաշենկոյի ռեժիմի դեմ՝ ներգաղթյալներին որպես Եվրամիության դեմ գործիք օգտագործելու պատճառով: