Փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հարավային գազատրանսպորտային միջանցքի խորհրդատվական խորհրդի 8-րդ նիստը, որին մասնակցել են Թուրքմենստանի ներկայացուցիչները, տեղեկացնում է թուրքմենական ORIENT գործակալությունը։
Եվրամիության երկրներ ապագայունմ գազի գների թռիչքներից խուսափելու համար մեծ հետաքրքրություն են հայտնել Թուրքմենստանից գազի մատակարարումների ավելացման հարցում՝ օգտագործելով Հարավային գազատրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքը։
Ներկայումս թուրքմենական գազն արդեն եվրոպական շուկա է հասել Իրանի հետ կնքված գազի սվոպային մատակարարումների մասին պայմանագրի միջոցով։ Թուրքմենստանն այդ պայմանագրով գազ է մատակարարում Իրանի հյուսիսային նահանգներին, իսկ Իրանը նույն քանակությամբ գազ է մատակարարում Ադրբեջանին, իսկ Ադրբեջանից թուրքմենական գազը հասնում է Եվրոպա։
«Թուրքմենստանի նավթն ու գազը-2021» 26-րդ միջազգային խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին Աշխաբադում, Ամերիկյան Trans Caspian Resources (TCR) ընկերությունը Թուրքմենստանին Տրանսկասպյան միակցիչի նախագիծ է առաջարկել:
TCR-ի առաջարկած Տրանսկասպյան միակցիչի նախագծով նախատեսվում է միջին հզորության գազատարի կառուցում, որը կմիացնի Թուրքմենստանի մերձկասպյան գազի հանքավայրերը Ադրբեջանի՝ արդեն գոյություն ունեցող գազատրանսպորտային համակարգի հետ: