Թուրքիան պետք է ընդունի, որ Ղրիմը Ռուսաստանի տարածքն է, «РИА Новости»-ին հայտարարել է թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը:
«Կայուն հիմք կա Սև ծովում և Միջերկրական ծովում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության համար։ Անհրաժեշտ է Մոսկվայի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումը, իսկ Անկարային անհրաժեշտ է ընդունել, որ Ղրիմը Ռուսաստանի տարածքն է», – հայտարարել է Փերինչեքը։
Ղրիմը դարձել է ռուսական տարածաշրջան 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որտեղ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան նախկինի պես Ղրիմը համարում է իր տարածքը, որը օկուպացվել է։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»: