ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դրական է գնահատել հայ գերիների վերադարձը, ասված է գերատեսչության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտում հայտարարել են, որ կայուն խաղաղության հասնելու համար կողմերը պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրեն անհետ կորածների մասին՝ սկսած անցյալ դարի 90-ական թվականներից:
«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը։ Անհայտ կորած անձանց վերաբերյալ ամբողջական հաշվետվությունների տրամադրումը, այդ թվում՝ 1990-ական թվականներից, վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքուն Երևանին է փոխանցել 8 հայ զինծառայողների: Նրանց մի մասը 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված անձինք են։ Ի պատասխան՝ ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխանցի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվությունը։