ՀՀ ԿԸՀ-ն հրավեր է ստացել դիտորդական առաքելություն իրականացնելու Բելառուսի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական հանրաքվեին։
Այս մասին Armenia Today-ն հայտնեց ԿԸՀ նախագահի խորհրդական Լուիզա Ավետիսյանը։
«ԱԳՆ-ից դիմումը ստացել ենք, այն ընթացիկ քննարկման փուլում է։ Այս պահին դիտորդական առաքելությանը մասնակցության համար դեռևս թեկնածու չունենք»,- ասաց Ավետիսյանը։
Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրի համաձայն՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հանրաքվեն նշանակված Է փետրվարի 27-ին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երկրի Սահմանադրության մեջ փոփոխությունների հրապարակված նախագիծը ենթադրում է, որ Բելառուսը մնում է նախագահական հանրապետություն: Ընդ որում, առաջարկվում է ամրագրել այն նորմը, որ նույն անձը կարող է նախագահ լինել ոչ ավելի, քան երկու ժամկետ։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրության մեջ կարող է բաժին հայտնվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի մասին, որը կդառնա Բելառուսում ժողովրդի իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի Բելառուսի ներքին և արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինը, երկրի ազգային անվտանգության հայեցակարգը: Նախագծով նախատեսվում է, որ նախագահը կարող է պաշտոնանկ արվել Համաբելառուսկան Ժողովրդական ժողովի կողմից՝ Սահմանադրության պարբերական կամ կոպիտ խախտման կամ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։