Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է երկրին հետագա օգնության տրամադրման հարցը և հայտարարել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին որոշում ընդունելու անհրաժեշտության մասին:
«Եկել է վճռորոշ պահը, որպեսզի մեկընդմիշտ փակվեն բազմամյա բանավեճերը ու որոշում կայացնեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկվել է հետագա գործուն օգնությունը», – շաբաթ օրը գրել է նա Twitter-ում։
Նույն օրը Վլադիմիր Զելենսկին խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Twitter-ի իր բլոգում նա հայտնել է Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարելու մասին պայմանավորվածության հասնելու մասին:
«Մեզ մոտ զենք ու սարքավորումներ են գալիս մեր գործընկերներից։ Հակապատերազմական կոալիցիան գործում է»,- գրել է ուկրաինայի առաջնորդը։
2019 թվականի փետրվարին Գերագույն ռադան հավանություն տվեց Ուկրաինայի Սահմանադրության ուղղումներին, որոնք ամրագրում են երկրի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական ուղեգիծը։
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Փետրվարի 25-ին Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել։ Նույն օրը Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն էլ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների և կողմերը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ: