Ուկրաինա են մտնում հակատանկային զենք, ՀՕՊ տեխնիկա, զինամթերք բոլոր տեսակի սպառազինությունների և հրետանու համար, մեքենաներ, զրահաբաճկոններ, վառելիք:
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
Ինչպես նշել է Կուլեբան, ԱՄՆ նախագահ Բայդենը գիշերը խոսել է նախագահ Զելենսկու հետ և որոշում է ընդունել Ուկրաինային անհապաղ տրամադրել 600 մլն դոլար՝ 250 մլն ընդհանուր օգնություն և 350 մլն դոլար՝ ռազմական օգնություն: Սպիտակ տունը Կոնգրեսին կոչ է արել 6,4 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային, որից 3,5 մլրդ դոլարը՝ պաշտպանությանը:
«Պուտինն ու Լավրովն անձամբ են հայտնվել ԵՄ պատժամիջոցների տակ։ Շուտով դա կանեն ԱՄՆ-ը և այլ երկրներ: Մշակվում է ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթ:
Ռուսական բանկերը, ընկերությունները, ապրանքները բառացիորեն դուրս են նետվում ֆինանսական համակարգերից, բորսաներից. Ռուսաստանը զրկված է սպորտային-ժամանցային միջոցառումներից։ Այս ալիքը պետք է աճի, ինչպես ցունամին. Եվ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Փետրվարի 25-ին Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել։ Նույն օրը Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Նույն օրը երեկոյան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելուց և առաջարկել է այդ հարցը հետաձգել փետրվարի 26-ին: