ՌԴ պատվիրակությունը պատրաստ է սպասել բանակցությունների վերաբերյալ ուկրաինական կողմի պատասխանին մինչև 15:00-ն: Եթե հրաժարվեն՝ հետագա իրադարձությունների համար պատասխանատվությունը կընկնի պաշտոնական Կիևի վրա:
Ինչպես հայտնում TACC-ը՝ այս մասին Telegram-ալիքում հայտնել Է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:
«ՌԴ պատվիրակությունը՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, մնում է Մինսկում և պատրաստ է սպասել մինչև ժամը 15:00-ն՝ Գոմելում բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին ուկրաինական կողմի հաստատմանը: Հենց Կիևն է հանդես եկել Գոմելում բանակցույուններ իրականացնելու նախաձեռնությամբ»,-գրել է Սլուցկին։
Նրա խոսքով՝ հերթական մերժման դեպքում իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը ընկած կլինի Ուկրաինայի ներկայիս իշխանությունների վրա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը այսօր ժամանել է Բելառուս՝ բանակցելու ուկրաինական կողմի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսում բանակցելու ցանկություն չունեն, բայց պատարստ են ցանկացած այլ երկրում բանակցել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։