Ֆրանսիական Air France ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները Ռուսաստանի օդային տարածքում: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով ավիաուղիների մամուլի ծառայությունը:
Տրանսպորտի հարցերով նախարար-պատվիրակ Ժան Բատիստ Ջաբարին հայտարարել է, որ Ֆրանսիան այսօրվանից փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների և ավիաընկերությունների համար: Նշենք, որ ԵՄ մի շարք երկրները ևս փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։