ՆԱՏՕ-ն, կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, առաջին անգամ կոլեկտիվ պաշտպանության համատեքստում տեղակայում է դաշինքի արձագանքման ուժերի տարրեր։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի օրը Բրյուսելում՝ արտակարգ նիստից հետո։
«ՆԱՏՕ-ի պաշտպանության պլանները գործի են դրվել, և արդյունքում ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը առաջին անգամ տեղակայվում են կոլեկտիվ պաշտպանության համատեքստում»,- ասվում է այնտեղ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այդ ուղղությամբ քայլերն արվել են արագ և ժամանակին, ուստի «պաշտպանական վահանը պատրաստ է պաշտպանել դաշնակիցներին» և դաշինքին «ագրեսիայից»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ առաջարկել են Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել՝ կապված այս երկրում Ռուսաստանի ռազմական գործողության հետ։ «ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ առաջարկել են ռազմական աջակցություն և մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասվում է այնտեղ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հանդիպման բոլոր մասնակիցները դատապարտել են «Ռուսաստանի բացահայտ և չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա», ինչպես նաև «Ռուսաստանի զինված ուժերի շարունակական հարձակումն այս երկրում, որը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։
Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։