ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել։
Երկրի ղեկավարը հանձնարարել է մինչև տարեվերջ սահմանել երկրի սահմաններից դուրս որոշակի արտադրանքի և հումքի արտահանման արգելք, որոնց ցանկը կորոշի կառավարությունը:
«Արդյունաբերության անվտանգության և անխափան գործունեության ապահովման նպատակով որոշում եմ … մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել հետևյալ հատուկ տնտեսական միջոցների կիրառումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հրամանագրի համաձայն` սահմանափակումները չեն անդրադառնա այն ապրանքների և հումքի վրա, որոնք ռուսաստանցիները, օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք ներմուծելու կամ երկրից արտահանելու են անձնական օգտագործման համար:
Նախագահը նաև կառավարությանը հանձնարարել է օրվա ընթացքում սահմանել օտարերկրյա պետությունների ցանկերը, որտեղ կարգելվի այդ ապրանքների արտահանումը: