Իսրայելի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացումը օգուտ կբերի ոչ միայն երկու երկրներին, այլև ամբողջ տարածաշրջանին:
Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, հաղորդում է Anadolu-ն։
«Իսրայելը և Թուրքիան կարող են և պետք է համագործակցեն, դա արմատապես կազդի մեր տարածաշրջանի վրա, որը մենք բոլորս անվանում ենք մեր տուն», – Հերցոգի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Իր հերթին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան և Թել Ավիվը ձգտում են վերականգնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը:
«Մեր ընդհանուր նպատակն է Իսրայելի հետ վերականգնել քաղաքական երկխոսությունը մեր երկրների միջև ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի հիման վրա», – ասել է Էրդողանը:
Նա պատմական է համարել Իսրայելի նախագահի այցը Թուրքիա և վստահություն հայտնել, որ այդ այցը նոր շրջադարձային կետ կդառնա երկու երկրների հարաբերություններում:
Նշվում է, որ Էրդողանը նաև հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Պաղեստին և Իսրայել կատարած այցերի, ինչպես նաև երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ՝ Իսրայել կատարած այցի մասին: