ԱՄՆ-ն այս շաբաթ Ուկրաինային կտրամադրի 1 մլրդ դոլարի պաշտպանական օգնություն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի օրը հեռուստաուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Շաբաթ օրը իմ վարչակազմը կարգադրել է ևս 200 մլն դոլար փոխանցել Ուկրաինային զենքի անխափան մատակարարմանն ու պաշտպանական կարիքների ապահովմանը։ Եվս մեկ անգամ ես օգտագործում եմ իմ լիազորությունները ևս 800 միլիոն դոլար հատկացնելու լրացուցիչ պաշտպանական համակարգերի համար՝ շարունակելու օգնել Ուկրաինային։ Միայն այս շաբաթ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի նոր օգնության ծավալը կհասնի 1 մլրդ դոլարի»,- ասել է Բայդենը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։