Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրին ռազմական օգնություն է անհրաժեշտ առանց որևէ սահմանափակման։ Այս մասին հաղորդում է TACC-ը:
«Ուկրաինային ռազմական օգնություն է հարկավոր առանց սահմանափակումների: Դուք կարող եք տալ մեզ ձեր բոլոր ինքնաթիռների 1 տոկոսը, ձեր բոլոր տանկերի 1%-ը։ Մենք չենք կարող դա պարզապես գնել, նման մատակարարումները կախված են միայն ՆԱՏՕ-ի որոշումից»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինան օգնություն է ստանում ՆԱՏՕ-ի առանձին անդամներից։
«Իսկ ո՞ւր է դաշինքը։ Հինգերորդ հոդվածի հարցը հիմնարար է։ Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչ ենք մտածում այդ մասին»,- ասել է նա։
Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան այժմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև «գորշ գոտում» է գտնվում:
Զելենսկին նաև հիշեցրել է, որ փետրվարի 24-ին ինքը դիմել է ՆԱՏՕ-ի երկրներին՝ ցանկացած ձևաչափով երկրի երկինքը փակելու խնդրանքով:
«Մենք հստակ պատասխան չենք ստացել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։