Թուրքիան և ԱՄՆ-ն համատեղ ռազմավարական մեխանիզմ են գործարկել՝ ուղղված երկու երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։
«2021 թվականի հոկտեմբերին Հռոմում կայացած նրանց հանդիպման ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և (Ջո) Բայդենի ստանձնած պարտավորության համաձայն, Թուրքիան և Միացյալ Նահանգները ապրիլի 4-ին Անկարայում գործարկել են Թուրքիա – ԱՄՆ ռազմավարական մեխանիզմը», – ասված է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Այս համատեքստում Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը երկուշաբթի բանակցություններ են վարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այդ թվում՝ տնտեսական և պաշտպանական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
ԱՄՆ-ն ողջունել է ուկրաինական ճգնաժամի «բանակցությունների միջոցով արդար և դիվանագիտական կարգավորման» Թուրքիայի ջանքերը։
Կողմերը նաև ընդգծել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ի առևտրի փոխնախարար Մարիսա Լագոն ապրիլի 5-6-ը կայցելի Անկարա՝ «ռազմավարական մեխանիզմի շրջանակներում տնտեսական և առևտրային համագործակցության նպատակներն առաջ մղելու համար»:
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը նախատեսում են մեխանիզմի շրջանակներում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում անցկացնել արդեն այս տարի: