Անկարան արգելափակել է ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին չորեքշաբթի հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության աղբյուրները։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքում չորեքշաբթի պլանավորվում էր քննարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանների ներկայացրած՝ ՆԱՏՕ-ին իրենց պետությունների անդամակցության հայտերը, ինչը կնշանակեր կազմակերպությանն անդամակցելու գործընթացի սկիզբը:
Սակայն Անկարայի դիրքորոշման պատճառով բանակցությունները չեն մեկնարկել։ Թուրքական կողմը հստակ հասկացրել է, որ այս պահին չի կարող հավանություն տալ դրանց մեկնարկին, գրում է պարբերականը։
Գործակալությունը նշում է, որ ՆԱՏՕ-ին առընթեր Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններ Կլաուս Կորխոնենը և Ակսել Վերնհոֆը չորեքշաբթի պաշտոնապես ՆԱՏՕ-ին անդամագրվելու հայտեր են հանձնել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: