Ուկրաինայի հակամարտությանը տասնյակ հազարավոր սիրիացիների մասնակցության մասին տվյալներն ապատեղեկատվություն են։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալ Դանա Ստրոուլն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ։
«Մենք չենք տեսել նշաններ, որ տասնյակ հազարավոր զինվորականներ Սիրիայից տեղափոխվում են Ուկրաինա։ Դա ապատեղեկատվություն է», – ասել է նա՝ պատասխանելով սենատորներից մեկի հարցին, որը, վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալները, հայտնել է այն մասին, թե իբր ավելի քան ՌԴ-ի կողմից պատերազմելու նպատակով 40 հազար սիրիացի կամավորներ են գրանցվել Ուկրաինա մեկնելու համար։
Դրա հետ մեկտեղ Ստրոուլը չի բացառել, որ սիրիացիների ոչ մեծ քանակն իսկապես կարող էր Ուկրաինա մեկնել: «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին», – հավելել է նա: