Թուրքիայում վանդալները պղծել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող հրեական գերեզմանատունը։
Daily Sabah-ի փոխանցմամբ՝ 81 տապանաքար է ջարդվել հրեական գերեզմանատանը։ Նշվում է, որ հրեական համայնքը դարերով բնակվել է Բեյօղլու թաղամասում, և միջադեպը առաջացրել է վերջինիս վրդովմունքը։ Համայնքի ներկայացուցիչները կոչ են արել իշխանություններին հանցագործների հայտնաբերման ուղղությամբ շուտափույթ իջոցներ ձեռնարկել։
Պարբերականը գրում է, որ ստուգելով այդ շրջանի տեսախցիկների տեսագրությունները՝ ոստիկանությունը պարզել է, որ վանդալիզմի պատասխանատուները երեխաներն են։ Իշխանությունների տվյալներով՝ միջադեպը 11-13 տարեկան 5 երեխաների ձեռքի գործն է եղել։ Ստամբուլի վարչակազմը հայտարարել է, որ ներկայումս հետաքննություն է ընթանում։
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը դատապարտել են միջադեպը։