Իրանը կարող է ընդունել ԵՄ-ի կողմից առաջարկված միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի տեքստը, եթե Թեհրանին մի շարք ոլորտներում երաշխիքներ տրվեն:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, այդ մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի դիվանագետին: Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ընդունել ԵՄ-ի առաջարկները, եթե Թեհրանին երաշխիքներ տրվեն, այդ թվում՝ «ՄԱԳԱՏԷ-ի գործունեության, պատժամիջոցների հետ կապված քաղաքական ասպեկտներում»: Դիվանագետը նշել է, որ Իրանն այժմ ուսումնասիրում է այդ առաջարկները։
Ինչպես հաղորդում է Politico-ն, Եվրամիությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններում առաջարկություն է արվել թուլացնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ սահմանված պատժամիջոցները: Գործակալության տվյալներով՝ այդ առաջարկը մտել է 16 ամսվա բանակցությունների արդյունքներով ձևավորված փաստաթղթի տեքստում։
Այն, մասնավորապես, նախատեսում է, որ «ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող անձինք» և ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում չընդգրկված իրանցիների հետ գործնական հարաբերություններ պահպանող անձինք պատժամիջոցների չեն ենթարկվի նույնիսկ այն դեպքում, եթե իրենց գործընկեր իրանցիները բիզնես են վարում իրանական այն կառույցների կամ անձանց հետ, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել: Նշվում է, որ վերջին կատեգորիային են նաև ԻՀՊԿ-ն, նրա պաշտոնատար անձինք և դուստր կամ կախյալ ընկերությունները, ասված է եվրոպական առաջարկի մեջ:
Գործակալությունը գրում է, որ պատժամիջոցների չեղարկումը, և, մասնավորապես, ԻՀՊԿ-ի բացառումը ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակից, բանակցությունների ընթացքում Թեհրանի կարևորագույն պահանջներից մեկն էր:
Ավելի վաղ Եվրամիությունը, որը հանդես է գալիս որպես միջուկային գործարքի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցություններում համակարգող, ներկայացրել է իրանական միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակը: