ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր հայտարարության մեջ կոչ է արել անհապաղ դադարեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները: Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ բնակավայրերի, Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրություններով:
«Ինչպես մենք վաղուց հասկացրել ենք, չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողությունը»,-ասված է Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Տվյալները ճշտվում են: