Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից երկու հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի հարավային մասում ՀՕՊ ազդանշանների գործարկումից հետո հայտնում ենք, որ երկու հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի տարածքով», – ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ ազդանշանները հնչել են Իսրայելի հարավային մասում՝ Գազայի հետ սահմանի մոտ, Քիսուֆիմ բնակավայրի շրջանում:
Նախորդ անգամ պաղեստինցի արմատականները հրեական պետության տարածքում հրթիռ են արձակել Գազայից փետրվարի 12-ի գիշերը: Իսրայելական պետական ռադիոկայանի գնահատականներով՝ հունվար ամսվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից արձակվել է 25 հրթիռ և ականանետային արկ: