Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից հետո անհապաղ առողջապահական կարիքները հիմնականում կապված են վնասվածքների և առողջապահության խաթարման հետ, այնուամենայնիվ, վարակիչ հիվանդությունների սպառնալիքները կարող են մտահոգիչ լինել հաջորդ երկու-չորս շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC)։
Հաղորդագրության մեջ նշված է, որ սննդի և ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունները, շնչառական վարակները և պատվաստանյութով կանխարգելվող վարակները վտանգ են ներկայացնում առաջիկա ժամանակահատվածում, որոնք կարող են բռնկումներ առաջացնել, հատկապես, երբ վերապրածները տեղափոխվում են ժամանակավոր կացարաններ:
Վնասված կոմունալ ենթակառուցվածքները, ներառյալ ջուրը և էլեկտրաէներգիան, ինչը հանգեցնում է մաքուր ջրի սահմանափակ հասանելիության, սանիտարական և հիգիենայի անբավարար սարքավորումների, ոչ պատշաճ սառնարանային և խոհարարական համակարգերի, կարող է մեծացնել սննդի և ջրային հիվանդությունների առաջացումը և փոխանցումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: