Ռոսկոմնադզորը Telegram-ն ընդգրկել է արտասահմանյան մեսենջերների ցանկում, որոնցից որոշ ռուսական կազմակերպություններ, այդ թվում՝ բանկեր, չեն կարող այն ամբողջությամբ օգտագործել նոր օրենքի պատճառով։ Այս մասին հաղորդվում է դաշնային ծառայության կայքում։
Բացի Telegram-ից, ցանկում են WhatsApp-ը և Viber-ը, ինչպես նաև Microsoft Teams-ը, Skype for Business-ը, Snapchat-ը, Discord-ը և չինական WeChat-ը:
Մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքը մի շարք պետական կառույցների, ինչպես նաև վարկային և ոչ վարկային կազմակերպությունների արգելում է օտարերկրացիներին պատկանող մեսենջերներից օգտվել որոշակի ֆինանսական գործարքների համար։
Մասնավորապես, արգելվում է տեղեկատվություն տրամադրել ՌԴ քաղաքացիների անձնական տվյալների, վճարային փաստաթղթերի փոխանցման, դրամական փոխանցումների կամ վճարումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալների, ինչպես նաև Ռուսաստանի բանկային հաշիվների մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի վերջին ստորագրել է օրենք, որն արգելում է բանկերին գաղտնի տեղեկատվություն փոխանցել հաճախորդներին արտասահմանյան մեսենջերների միջոցով։
Դրանից հետո հունվարին ՎՏԲ բանկը հայտարարել էր Telegram-ում թվային բանկի գործարկման մասին։ Օգտագործելով բանկի չաթբոտը, հաճախորդները կարող էին դիտել քարտերի և հաշիվների մնացորդները, գումար փոխանցել Արագ վճարման համակարգի միջոցով և լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվները: