Պետդուման չորեքշաբթի երրորդ ընթերցմամբ ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած «Սահմանադրության փոփոխության մասին» օրինագիծը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Օրինագծի ընդունման օգտին կողմ է քվեարկել 383 պատգամավոր, 43-ը ձեռնպահ է մնացել, դեմ չի եղել։
Ապրիլի 22-ին տեղի կունենա համառուսական քվեարկություն: Եթե ռուսաստանցիները աջակցեն փոփոխություններին, նախագահի հրամանով պաշտոնապես կհրապարակվի Սահմանադրությունը` նոր փոփոխություններով, և կնշվի դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ օրենքի մոտ 390 փոփոխություն է ստացվել: Փոփոխությունները պատրաստվել են մեծամասամբ հատուկ աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկվել են Պետդումայի պատգամավորներ, սենատորներ, հասարակական գործիչներ, փորձագետներ: Փոփոխությունների զգալի մասը խորհրդարանի ստորին պալատ ներկայացրել է պետության ղեկավարը:
Փոփոխությունների մեջ հատկանշական է այն, որ կբացառվի երկու նախագահական ժամկետների ընթացքում միևնույն անձի «անընդմեջ» պաշտոնավարումը։
Բացի դրանից, ընդունվել Է պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած ուղղումը նախորդ նախագահական ժամկետների զրոյացման մասին:
Այսպիսով այն անձը, որը նախկինում զբաղեցրել Է կամ այժմ զբաղեցնում Է նախագահի պաշտոնը, կկարողանա կրկին դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Ուղղումները նաև նախատեսում են, որ նախկին նախագահը կկարողանա ստանալ սենատորի ցմահ կարգավիճակ: