Թուրքիայում նոր և ավելի հզոր երկրաշարժ է կանխատեսվում, որի հետևանքով կարող է տուժել ավելի քան 25 միլիոն մարդ, «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի գիտական խորհրդի անդամ Հալյուք Էյդողանը։
«Ըստ կանխատեսումների, եթե Մարմարա ծովում խզվածքն ակտիվացվի, ապա հզոր երկրաշարժ տեղի կունենա: 2030 թվականին նման երկրաշարժի հավանականությունը մոտ 50 տոկոս է, եզրակացությունը արվել է 2000 տարվա երկրաշարժի ուսումնասիրության, տարածաշրջանի պատմության և երկրաֆիզիկական և սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա»,- ասել է փորձագետը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հնարավոր երկրաշարժն անմիջապես կազդի յոթ նահանգների վրա, որոնց բնակչությունը գերազանցում է 25 միլիոնը, իսկ միջադեպի տնտեսական հետևանքները «կզգա ողջ Թուրքիան, այդ թվում՝ Ստամբուլը»։
Ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ մի քանի ժամ անց ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցումների հետևանքները զգացվել են Սիրիայում, Լիբիայում, Լիբանանում և տարածաշրջանի այլ երկրներում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերի ընդհանուր վնասը գնահատել են մոտ 104 միլիարդ դոլար։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։