Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) լիցենզիա է ստացել Իսրայելի ածխաջրածնային ամենամեծ հանքավայրի հյուսիսային հատվածում՝ «Լևիաթան» գազի հետախուզման համար, հայտնում է Իսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարությունը, հայտնում է ադրբեջանական Sputnik-ը։
Նշվում է, որ SOCAR-ը աշխատանքներ կիրականացնի բրիտանական BP-ից և իսրայելական NewMed-ից կազմված ընկերությունների խմբի կազմում։
Համաձայն լիցենզիայի, որն ուժի մեջ է երեք տարի, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը լիցենզավորման չորրորդ փուլի շրջանակներում ստացել է երկու օֆշորային բլոկների հետախուզման իրավունք։
Իսրայելի նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի Միջերկրական ծովի ափերի մոտ բնական գազի հետախուզման համար այս փուլում ընդհանուր առմամբ 12 լիցենզիա է տրվել վեց ընկերությունների։
«Հաղթողները բնական գազի մեջ ներդրումներ կատարելու աննախադեպ պարտավորություններ են ստանձնել: Դա, իր հերթին, կուժեղացնի Իսրայելի էներգետիկ անվտանգությունը և կնպաստի էներգիայի հուսալի պահեստային աղբյուրի ձևավորմանը», – մեջբերում է գերատեսչությունը էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Իսրայել Կացին: