Իրանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Մահդի Ֆարահին հայտարարել է Իրանին ռուսական Սու-35 կործանիչներ, Մի-28 գրոհային ուղղաթիռներ և Յակ-130 մարտական ուսումնական ինքնաթիռներ մատակարարելու պայմանավորվածության մասին, հայտնում է Tasnim-ը։
Փոխնախարարի խոսքով՝ այդ ինքնաթիռներն ու ուղղաթիռներն «անպայման կլինեն Իրանի տրամադրության տակ, և ներկայումս համապատասխան գործընթացներ են ընթանում»։
Հրատարակությունը նշում է, որ սեպտեմբերին Իրանի ռազմաօդային ուժերը Ռուսաստանից ստացել են առաջին Յակ-130 ինքնաթիռը։
Մարտին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ Թեհրանն ավարտել է Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնելու պայմանագրի ստորագրումը։ 2022 թվականի դեկտեմբերին Իրան ռուսական Սու-35 ինքնաթիռների ծրագրված մատակարարման մասին հայտնել էր իսրայելական i24news հեռուստաալիքը՝ հղում անելով արևմտյան աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա, ըստ երևույթին, 24 Սու-35 կործանիչների մատակարարումն է, որոնք ի սկզբանե արտադրվել են ռուսական կողմի կողմից Եգիպտոսի համար՝ ԱՄՆ-ի կողմից խափանված գործարքի շրջանակներում: