Վրաստանի իրավապահները Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի ժամանակ բերման են ենթարկել 6 մարդու, սակայն շուտով նրանք ազատ են արձակվել, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ակցիան սկսվել է Ռուսթավելի պողոտայում, երբ Սալոմե Զուրաբիշվիլին լքել է նախագահի նստավայրը, որի դիմաց ցուցարարները ծափահարել են, հետո նրանցից ոմանք շարժվել են դեպի պողոտա։ Ցույցի ընթացքում ծեծկռտուք է սկսվել ցուցարարների և իրավապահների միջև, որոնք պահանջել են չփակել ճանապարհը։
Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ «6 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների համար», իսկ ավելի ուշ «բոլորն էլ ազատ են արձակվել»։
Դեկտեմբերի 14-ին Ընտրական կոլեգիան Կավելաշվիլիին ընտրել էր Վրաստանի նախագահ։ Ընտրություններն ընթացել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի ֆոնին, որի մասնակիցները հանդես էին եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կոչով։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Նախագահի ընտրության նախօրյակին Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մտադիր չէ լքել նախագահական նստավայրը։
Թբիլիսիում բողոքի ցույցերն սկսվել էին նոյեմբերի 29-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնի մինչև 2028 թվականը։