Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ անհանգստություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ասված է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ, որը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է տրամադրել կառույցի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ անհանգստություն են հայտնում այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների բախման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած իրավիճակի լարվածության կապակցությամբ, որի ընթացքում օգտագործվել է նաև ծանր սպառազինություն, ինչի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ»,-ասված է հայտարարության մեջ:
«Առկա իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններին, որոնցից մեկը` Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ պետություն և վկայում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտումների մասին»,-ընդգծել են ՀԱՊԿ-ում:
Ռազմաքաղաքական դաշինքում կողմերին կոչ են անում «անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»:
«Ցավակցություններ ենք հայտնում մահացածների հարազատներին ու մտերիմներին, վիրավորներին էլ շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-նշել են ՀԱՊԿ-ում:
Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը մեկ անգամ չէ, որ կոչ են արել կողմերին հակամարտությանը վերաբերող հարցերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և խուսափել սադրիչ գործողություններից` լարվածության սրացում թույլ չտալու նպատակով:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՀՀ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել: Հուլիսի 13-ին առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկի տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմին ու հրամանատարությանը հրահանգավորված է դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում: Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
Երեկ ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ, ավելի ուշ 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Այսօր ադրբեջանական կողմը սկսել է ռմբակոծել Բերդ քաղաքը․ Բերդի մերձակայքում ընկել է մոտ 7 արկ: Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Այսօր առավոտյան էլ երեք արկ է ընկել նաև Տավուշ գյուղում: