ԱԺ աշխատակազմի ներկայացրած 2021 թվականի բյուջեն կազմում է 6 մլրդ 98 մլն դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։
Նրա ներկայացմամբ՝ ԱԺ գործունեության ապահովմանն ու օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայությունների իրականացմանը տրամադրվելու է 5 մլրդ 620 մլն դրամ։ Սիրականյանի խոսքով, սակայն, ներկայացված բյուջեն 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.7 մլն դրամով։
Անփոփոխ է մնացել պետական ծառայողների վերապատրաստման համար հատկացվելիք գումարը։ Այն կկազմի 1 մլն 260 հազար դրամ։
Նվազումներ են տեղի ունեցել նաև տեխնիկական հագեցվածության բարելավման համար նախատեսված միջոցառման ծախսերում։ ԱԺ շենքային ապահովվածության բարելավման համար հատկացվելու է 38.9 մլն դրամ։
«Երրորդը ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միջոցառումն է, որի համար նախատեսված է 60 մլն դրամ, ինչը 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.4 %-ով։ Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները ևս նվազել են 11.4 մլն դրամով»,- մանրամասնեց ԱԺ-ը ներկայացուցիչը։
2020 թվականի Աժ բյուջեում երկու խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել։
«Համավարակի պայմաններում գումարային որոշակի փոփոխություններ են եղել։ Գործուղումներից որոշակի գումարներ են վերադարձվել։ ԱԺ-ն գործուղումների ու պարգևատրումների հաշվին 252 մլն դրամ գումար է տնտեսել։ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ գումար է վերադարձվել պահուստային ֆոնդ»,- կատարած աշխատանքը խորհրդարանականներին ներկայացրեց Լիլյա Սիրականյանը։