▪️Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։
▪️Թալիշի և Մատաղիսի որոշ ընտանիքներ տարհանվել են թիկունքային համայնքներ։
▪️Անցած օրերին պաշտոնապես հաղորդվում է երկու կողմերից 16 զինծառայողի՝ 4 հայ զինծառայողի և 12 ադրբեջանցի զինծառայողներիի կորստի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկու բարձրաստիճան սպաների՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի մահվան մասին տեղեկատվությունը:
▪️Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Հայաստանի ԶՈՒ-ը խոցել են մի քանի ադրբեջանական անօդաչու թռչող սարք։ Դրանցից մեկը՝ Ադրբեջանի զինված ուժերի Elbit Hermes 900 անօդաչու սարքն է, որը խոցվել է Օսա զենիթահրթիռային համալիրի կողմից, որը արդիականացվել է հայ մասնագետների կողմից։
▪️ԱԻՆ-ում քննարկել են Տավուշի մարզում իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Գերատեսչության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը առավելագույն ինտենսիվությամբ պատրաստվում է տարբեր սցենարների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բնակչության տարհանմանը և ապաստան ապահովելուն։
▪️Իջևանում ստեղծվել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, ԶԼՄ-ների հետ աշխատանքը համակարգելու է ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Երեկ Արծրուն Հովհաննիսյանն անցկացրեց առաջին ճեպազրույցը և հայտարարեց, որ սահմանային իրավիճակը վստահորեն վերահսկում են ՀՀ զինված ուժերը:
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել Բերդում քաղաքացիական ենթակառուցվածքը խոցելու համար։
▪️Փոխադարձ հաքերային հարձակումները շարունակվում են։ Սկզբում ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի և կառավարության կայքերը։ Ի պատասխան՝ հայ հաքերները կոտրել են ադրբեջանական մի շարք կայքեր, այդ թվում՝ կառավարական, և հրապարակել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները։
▪️Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33005-ի: Հուլիսի 15-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 21348 է, փաստացի բուժվում է 10876-ը, գրանցվել է մահվան 592 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 189-ն են։
Առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, այսօր նոր դեպքեր չեն գրանցվել։
▪️Միջազգային արձագանք․ ՀԱՊԿ-ն լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության պատճառով և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։ ՄԱԿ-ը հակամարտության կողմերին խաղաղության կոչ է արել։ ՆԱՏՕ-ն կոչ է անում կանխել հետագա սրացումը։Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
▪️Միանգամայն կանխատեսելի է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Ադրբեջանի ԶՈՒ-ին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, այնուհետև Էրդողանը պաշտպանել է Ադրբեջանին։
▪️Հայաստանին աջակցություն է հայտնել Կիպրոսը։ Եվ սա միայն սկիզբն է։
▪️Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։ ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը: Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:
▪️Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը նշել է, որ այս պահին որոշումը հնարավոր չէ, քանի որ Վճռաբեկ դատարանում և ՍԴ-ում քննվում են պաշտպանության բողոքները։