ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 13-ին, տեղի ունեցած նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու որոշում կայացրեց։
Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում, անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձինք իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանների նկատմամբ նվիրաբերության պայմանագրի հիման վրա կարող են ձեռք բերել սեփականության իրավունք, եթե նվիրառության նպատակով դիմել են անձամբ, իսկ այն դեպքերում, երբ շահառուն բացակայում է ՀՀ ուսման նպատակով կամ ծառայում է ՀՀ զինված ուժերում կամ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, լիազորագրի հիման վրա:
Նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամիսների ընթացքում (բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ).
Բնակարանի գնման վկայագրի գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ 2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին:
Նախարարը նշեց, որ սեփական բնակարաններ չունեցող մանկատների բոլոր շրջանավարտները կստանան բնակարանների գնման վկայագրեր: