ԵՊՀ ուսանողներն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, համալսարանից երթով շարժվել են դեպի կառավարություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջը՝ դիմումի տեսքով, գործադիրին փոխանցելու համար։
«Ավելի քան 5000 ուսանող իր ստորագրությամբ միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը։ Կարծում եմ, որ կառավարությունը պետք է իր հոգածության տակ գտնվող կրթության ոլորտը ուշադրության կենտրոնում պահի և ընդառաջի այն ուսանողներին, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով կարող են զրկվել կրթություն ստանալու հնարավորությունից: Կրթությունը մեր ապագան է, և դրա վրա կատարված ցանկացած ներդրում արդարացված է»,- այս մասին ասել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և 5300 ուսանողի կողմից ստորագրված դիմում-պահանջը փոխանցել կառավարության ներկայացուցչին:
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկա օրերին վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու՝ սոցիալ-տնտեսական անելիքների վերաբերյալ, և այդ նամակը անպայման հիմք կընդունեն որոշումների կայացման ժամանակ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ բարձրացրել է առաջին կուրսեցիների ուսման վարձերը, ինչն էլ դժգոհությունների պատճառ է հանդիսացել։ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, հանդես գալով մամուլի ասուլիսով, նշել է, որ ուսման վարձերը թանկացրել են, քանի որ համալսարանը տուժել է կորոնավիրուսի պատճառով։
Armenia Today-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վարձավճարների փոփոխություն տեղի է ունեցել միայն ԵՊՀ-ում։
Երևանի պետական համալսարանի լրատվության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հին ու նոր վարձաչափերի տարբերությունները սկսվում են 40․000 դրամից, հասնում՝ մինչև 100․000 և ավելիի։
Եթե նախկինում նվազագույն վարձը բուհում 430 000 դրամ էր, այսօր այն դարձել է 500․000 դրամ։